«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Նա անհրաժեշտ մշտականություն է

Նա անհրաժեշտ մշտականություն է
15.10.2023 | 22:38

Սա այն միակ քաղաքն է, որ կարող է մեզ հանդուրժել, այն տեղն է, որտեղ մեր մեղքը եղածից փոքր է երևում, մեր սերը` եղածից մեծ, մեր էությունը` եղածից լուսավոր: Մենք չենք նայում նրա շենքերին, մենք մոռանում ենք նրա պատմությունը, մենք երբեք չենք ասում, թե քաղաքը` այդ մենք ենք, որովհետև քաղաքը նա է: Իսկ մենք նրա ծանրությունն ենք, նրա բեռը, նրա լավ օրերի ժպիտը, նրա վատ օրերի մտատանջությունը:

Երևանում քայլում ենք այնպես, ինչպես մարդը կքայլի իր հիշողության դաշտով: Կանգ ենք առնում այնպես, ինչպես մարդն է անշարժանում հիշատակի առաջ, շտապում ենք այնպես, ինչպես մարդն է վազ տալիս ժամանակի հետևից: Փակ շրջան է, որ կլանում է մեզ, դարձնում իր հպատակը, սեղմում իր փափուկ պատերին, և մենք այլևս փրկություն չունենք նրա կարոտից, նրա հետ լինելու մղումներից, նրա համար ապրելու դատաստանից: Մեր աչքի փուշն ու աչքի լույսը, մեր կորուստն ու գտածը, մեր ելքն ու փակուղին: Երևանը:

Ես չեմ սիրում այս քաղաքի քարտեզը: Ես ուզում եմ հավատալ, որ այն չի կարող գծված ու նախագծված, շինված ու վերաշինված լինել: Նա պարզապես կա: Նա անառարկելի գոյություն է: Նա անհրաժեշտ մշտականություն է: Նրա հետ վեճ չկա:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 4336

Մեկնաբանություններ